2014-12-30

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ


Եկել է պահը մի հետհայացք նետելու, արված ու չարվածը գնահատելու, և արդեն գալիք տարում դեռ անհաս նպատակներին հասնելու ուղիների ու քայլերի հստակեցման ժամանակը: Կյանքն այնքան կարճ է, որ պետք է անել ամեն հնարավորը, որպեսզի անգամ մեկ վայրկյանն այս կյանքի, զուր չկորչի, որ արժեվորվի, գնահատվի և արդյունքում կյանքը լցվի իմաստությամբ, գեղեցիկով ու բարությամբ: Անցնող տարին հագեցած էր և՛ բացասականով, և՛ դրականով: Գալիք տարին ևս իր խնդիրները կբերի. գուցե նախորդից մնացած, գուցե նոր, բայց կարևոր է` այդ խնդիրների լուծման համար նոր մոտեցումներ ունենալ և միևնույն ժամանակ չկրկնել արդեն գործած սխալները: Թող գալիք տարին հագեցած լինի ջերմությամբ, անկեղծ ու մարդկային ջերմությամբ, որ կարող ենք նվիրել մեզ հարազատ ու մտերիմ մարդկանց: Թող սերը, ջերմությունը, բարին և ժպիտը մեզ շրջապատեն ամենուր: Թող յուրաքանչյուրիս հավատը վեհ արժեքների հանդեպ անսասան լինի և այնքան ամուր, որ որևէ կերպ կախված չլինի դրամ-դոլար հարաբերակցությունից: :)
Սիրելի ընկերներ, բարեկամներ և հայ ժողովուրդ, թող 2015 թվականը իր հետ բերի նոր ձեռքբերումներ, երազանքների իրականացում, հայոց բանակին` նոր ուժ և եռանդ, իշխանավորներին` իմաստություն, մեր անկախ պետականությանը` կայունություն և հզորություն: Թող չմարեն բաղձալի ու նվիրական ցանկություններին հասնելու հույսը, որքան էլ դրանց հասնելու ուղին քարքարոտ թվա, թող որ նյութապաշտությունը մի փոքր գոնե ձևափոխվի վեհ արժեքների գաղափարաներով առաջնորդվելու ցանկության...
Շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ հազարավոր ընթերցողներին: Դուք ինձ ուժ եք տալիս ու հավատ: Շնորհավորում եմ և մաղթում միայն լավն ու բարին գալիք 2015 թվականին` առողջություն, երջանկություն և ամենայն բարիք, բոլորիս... Կհանդիպենք արդեն գալիք տարում:
Հարգանքներով` Արմեն Մխեյան