2013-07-30

Ճչացող իրականություն


  Մինչ քաղաքապետարանի հարակից գազոններն այնքան են ոռոգում, որ շուտով հողը ճահճի կվերածվի, Հանրապետության հրապարակին կից պուրակի բազմամյա ծառերը չորանում են:

  Օրերս քաղաքապետարանն անխնա օգտագործում է ոռոգման ջուրը միայն նրա համար , որ շենքի հարակից խոտածածկույթը ավելի փարթամ լինի, իսկ Հանրապետության հրապարակին կից, Կառավարական տան դիմաց գտնվող պուրակում, մեղմ ասած վիճակը կարելի է ողբալի գնահատել: Պուրակն արդեն քանի տարի է քարուքանդ վիճակում է գտնվում, ոռոգման համակարգը չի գործում, իսկ աղտոտվածությունն ու շինարարական թափոնները լրացնում են և ամբողջացնում  պատկերը:
   Պուրակում տիրող վիճակի վերաբերյալ փորձեցինք հարցնել անցորդներին:

  «Ամեն օր անցնում եմ այստեղով ու նույն վիճակն է, - նշեց տարեց  տղամարդը,- արդեն երկար տարիներ է, որ ջուր չկա, չի ջրվում այգին: Դիտարկվում է որպես Վերնիսաժի մի մաս, դրա համար էլ երևի չեն բարեկարգում, այնինչ Վերնիսաժը սկսվում է Հանրապետության փողոցից»:
  Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ նույնիսկ չի մաքրվում այգին, էլ ինչ ոռոգման մասին կարող է խոսք գնալ:
  Իսկապես, դուք էլ չեք տեսնի ոչ մի աղբարկղ, իսկ խոտածածկույթի ամբողջությամբ չորացած լինելը,  ծառերի տերևների դեղնելն ու թափվելը միանգամից աչքի են ընկնում: Ցավալին այն է, որ պուրակը սկսվում է հենց Հանրապետության հրապարակից ու գտնվում Կառավարական տան դիմաց: Արդյո՞ք մեր նախարարությունների ոչ մի աշխատակից չի տեսնում` ինչ վիճակում է գտնվում պուրակը,  չէ՞ որ սա հենց Երևանի սիրտն է: Այսպե՞ս է ներկայանում Երևանը:
  Տեսանյութում հստակ կարող եք տեսնել թե ինչ վիճակում է հայտնվել Երևանի հենց կենտրոնում գտնվող պուրակը` սկսած աղտոտվածությունից, վերջացրած բազմամյա ծառերի   չորացումով:
  Հարցս ուղղում եմ Երևանի քաղաքապետարանին` ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար, ո՞ւմ ենթակայության տակ է գտնվում պուրակը, որ թույլատրվում է այնտեղ շինարարական աշխատանքներ անել և վերջապես ինչո՞ւ որևէ քայլ չի ձեռնակվել այս մի քանի տարիների ընթացքում շտկելու համար ստեղծված իրավիճակը:




2013-07-29

Երևանում «հայտնաբերվել» է անհետացած թռչնի տեսակ

Aepyornis maximus 

    Կռահեցի՞ք, թե ինչ թռչուն է: Եթե ոչ ապա, ասեմ` այն ավստրալիական ամենամեծ և իր չափերով երկրորդ մեծ թռչունն է ջայելամից հետո, կարճ ասած` Էմու: Չթռչող թռչունների դասին պատկանող այս խրոխտ կեցվածք ունեցող «հավիկը» արտաքնապես բավական նման իր ազգակից անհետացած լատ. Aepyornis maximus թռչնանմանին: Վերջինիս իսկապես հսկա եղել, կարելի է ասել մի փոքր է զիջել իր մյուս ազգակիցներին` դինոզավրերին: Նրա հասակը մինչև 5մ երկարություն է ունեցել, իսկ քաշը կես տոննա, որի պատճառով կոչել են նաև Փիղ թռչուն: Այն իսպառ ոչնչացել է մարդու անխնա որսի հետևանքով 17-ից 18-րդ դարում:

   Ինչևէ, այս հսկա թռչնի հեռու ազգակցին կարող եք տեսնել Երևանի կենդանաբանական այգում: Ի դեպ Էմուի ձայնը ոչ մի կերպ չի նմանվում այլ թռչունների ձայնին: Մի քանի րոպե շարունակ ուզում էի հասկանալ, արդյոք այս անմեղ հայացքով թռչունն է նման «սպառնագին» ձայն հանում: Ի վերջո համոզվեցի, որ այո: Թռչունը զայրանում էր, որ իրեն շատ եմ մոտենում ու հարձակման էր դիմում` երկարացնելով առանց այդ էլ երկար վիզը: Էմուները բավականին փոքր են քան իրենց ազգակից Aepyornis maximus -ը : Նրանց մարմնի երկարությունը երկու մետր  էլ չի կազմում, իսկ քաշը առավելագույնը 55կգ: Շնորհիվ ոտքերի ամրության, որը պայմանավարված է հզոր մկանային համակարգով և ոսկրի համեմատաբար քչությամբ` Էմուն կարող է բավական երկար ճանապարհ կտրել սնունդ հայթայթելու համար, իսկ մեկ քայլի երկարությունը կարող հասնել 2,5 մետրի: Այս խելացի թռչունը եվրոպացիներին հայտնի է դարձել 1698 թ-ին, երբ փոքրիկ հետազոտական խումբ էր մեկնել ուսումնասիրելու նոր հայտնաբերված մայրցամաքի առափնյա հատվածները:
Էմուն համարվում  է  Ավստրալիայի խորհրդանիշներից մեկը






2013-07-25

Քաղաքացիական ընդվզման առաջին հաղթական քայլը



Այո, հարգելիներս համախմբված քաղաքացիական ընդվզումը տվեց իր առաջին արդյունքը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքացիական աննախադեմ հզոր ճնշման արդյունքում, կասեցրեց իր որոշումը` այս պահին անորոշ ժամկետով: Այս իրադարձությունը վկայում է, որ Հայաստանը թևակոխեց ժողովրդավարության և ամուր քաղաքացիական հասարակության զարգացման նոր փուլ: Այս հաղթանակը որպես նախադեպ պետք է լինի, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանության համար: Փոքրիկ վերլուծություն անելով փաստենք, որ նման քաղաքացիական համախմբվածություն հավանաբար երբեք չի եղել վերջին տասնամյակում: Պայքարը համընդհանուր էր և բազմակողմանի: Առավել կարևոր հանգամանք էր այն,  որ չկար քաղաքական գաղափարների պայքար, այլ միայն քաղաքացիական: Առաջին հաղթանակը գրանցված է, պետք է առաջ շարժվել նոր հաղթանակների ետևից:
Իրական ժողովրդավարության հիմքը դրվեց այսօր` հուլիսի 25-ին և ես առաջարկում եմ այս օրը նշել որպես ամուր քաղաքացիական հասարակության, համախմբման, միասնության և իհարկե հաղթնակի օր: Պատմության մեջ այս օրը կմնա որպես «100 դրամի հաղթանակի օր», բայց այս հաղթանակը առաջին հերթին մեկ մեծ կարծրատիպ կոտրեց, որը գուցե հետո շատերը չհասկանան: Այս հաղթանակը կոտրեց այն տարածված մտածելակերպը, որ ոչ մի բան էլ չի փոխվի, ամեն ինչ իզուրա: Վստահ եմ, նման արտահայտություն անող մարդկանց թիվը այսուհետ զգալի քիչ կլինի:
Քաղաքապետի որոշումը` թեպետ ուշացած էր, բայց ժողովրդի օգտին կայացրած որոշում  էր: Այս հարցը նաև իր հեղինակության խնդիրն էր, և ժողովրդի կողմից իր վստահության պահպանման հարցը: 
Շնորհավոր, բոլոր ակտիվիստներին, քաղաքացիական  խմբերին և այն քաղաքացիներին ովքեր մեզ հետ էին` երիտասարդության կողքին:
Մենք ունենք ամուր պետություն երիտասարդության շնորհիվ: Մենք ենք այս երկրի քաղաքացիները, և մենք ենք տերը մեր երկրի: Միասին դեպի նոր ամուր քաղաքացիական, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: 

2013-07-24

Ով ընտրել է ՀՀԿ-ին, նա էլ թող վճարի 150


Արդեն մի քանի օր է, ինչ Երևանում շարունակվում են տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ուղղված լայնամասշտաբ ակցիաները, անգամ մի քանի ակտիվիստների ձերբակալումից հետո, եիտասարդների պայքարը չթուլացավ: Տրանսպորտային ընդվզման մեկ օրվա քրոնիկոնը:


Մայրաքաղաքում լարված իրավիճակ է: Մի քանի տասնյակ կանգառասրահներում երիտասարդները պաստառներով և 100 դրամ վճարելու կոչերով են դիմավորում քաղաքային տրանսպորտի մեքենաներին: Պայքարը սակայն միայն այդ կերպ չի ավարտվում: Բազմաթիվ քաղաքացիներ իրենց անձնական մեքենաներով մոտենում են կանգառասրահներում կանգնած մարդկանց և առաջարկում անվճար տեղափոխել այս կամ այն վայրը, ուր իրենք ուղևորվում են:
«Նման կերպ փորձ է արվում գծատերերին հասկացնել, որ գնի թանկացման դեպքում իրենք միայն վնաս են կրելու»,- մեզ հետ զրույցում նշեց ակտիվիստներից մեկը և հավելեց, որ այս պայքարը բավականին արդյունավետ է ու իրենց միացել են ոչ միայն քաղաքացիներ, ովքեր ունեն մեքենա, այլև հանրությանը հայտնի մարդիկ` երգիչներ, դերասաններ…
Պետք է ավելացնել, որ բողոքի ակցիաներ էին անցկացվում նաև քաղաքապետարանի, կառավարության և նախագահի նստավայրի մոտ:
Դեռ օրվա սկզբին արդեն իսկ բաժին բերման էին ենթարկվել չորս ակտիվիստներ: Ցուցարարների մի մասը շարժվեց ոստիկանություն` պահանջելու ազատ արձակել ակտիվիստներին, սակայն ոստիկանության բաժանմունքի մոտ, առանց որևէ բացատրության ևս երկու հոգու ձերբակալվեցին, ինչը դարձավ քաշքշուկի պատճառ: Այդ նույն պահին քաղաքի տարբեր կանգառասրահներում շարունակվում էր «պայքարը» և հանրային իրազեկման կոչերը` վճարել 100 դրամից ոչ ավել, մի հարստացրեք գծատերերին և այլն
«Ոստիկանության նման քայլերը շեղելու, և ցուցարարների վրա ճնշում գործադրելու նպատակ են հետապնդում»,- նշեց մեկ այլ բողոքի ակցիայի մասնակից:
Բանակցությունները Երևանի ոստիկանապետի և փոխոստիկանապետի հետ բավական լարված էին ընթանում, սակայն ի վերջո ոստիկանությունը ազատ արձակեց ակտիվիստներին:
Բերման ենթարկված Մաքսիմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն բերման են ենթարկել առավոտյան 10:30-ի սահմաններում իր տան բակից:
«Ինձ հրավիրեցին զրուցելու, որը հետո դարձավ քրեական գործ ոստիկանին ծեծելու համար»,- նշեց Մաքսիմ Սարգսյանը: Այն հարցին թե ինչպես են վերաբերվել իրեն, ասաց որ խնդիրներ չի եղել, բայց ինքը հրաժարվել է խոսել առանց իր փաստաբանի, քանի որ ոչ մի կերպ դիմադրություն ցույց չի տվել ոստիկաններին: 
Մեկ այլ ակտիվիստ Վահե Մելքոնյանին ևս բերման էին ենթարկել նախորդ օրը  ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար, սակայն ինչպես պարզվել էր ինքը նախորդ օրը ցուցարարների շարքերում չէր եղել:
Ցուցարարները ոստիկանությունից շարժվեցին դեպի կանգառասրահներ:
Լրագրող, հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը, ով միացել է ակցիային և իր մեքենայով անվճար տեղափոխում է երևանցիներին, լրագրողների հետ զրույցում նշեց.
«Պատահական գծատերեր չկան, բոլորը մեծահարուստներ են և քաղաքական գործիչներ»,- ավելացնելով, որ երիտասարդների ձերբակալությունն անհիմն է.
«Այսինքն, եթե երիտասարդը պայքարող է, ուզում է մի բան փոխել, ուրեմն պետք է ձերբակալել, իսկ եթե է քծնող է ու կրծքանշանը քծնանքով կախում է, պետք է խրախուսել: Սա՞ է ուզում հասկացնել պետությունն ու ոստիկանությունը»,- հավելեց Պետրոս Ղազարյանը:
Փորձեցինք զրուցել համար 7 երթուղային ավտոբուսի վարորդի հետ, սակայն տեսնելով ցուցարարներին, ովքեր ուղևորներին կոչ էին անում վճարել 100 դրամ, զայրացավ կանգնեցրեց մեքենան և պահանջեց, որ բոլորն իջնեն` ինքն էլ չի քշում: Ուղևորները պահանջեցին, որ վարորդը շարունակի երթը, իրենք կվճարեն, բայց միայն 100 դրամ:
Վարորդն էլ ավելի զայրանալով դիմեց փողոցում կանգնած ոստիկանության մայորին, նշելով թե խանգարում են իր աշխատանքը: Ոստիկանը պատասխանեց, որ չի տեսնում հակաօրինական գործողություն,  ոչինչ  չի կարող անել:
Այն հարցին թե ինչու իր վերադասին տեղյակ չի պահում, որ ուղևորները հրաժարվում են վճարել 150 դրամ, վարորդը զայրացած պատասխանեց, որ գծի տերը մեղք չունի, իրենից էլ են հարկ ուզում և սիրուն չի, որ քաղաքացին օգտվում է ծառայությունից, բայց չի վճարում ամբողջ գումարը:
«Թող էդ դեպքում ոչ մեկ չնստի, ես էլ ասեմ, որ ուղևոր չկա, չեն նստում մարդիկ, ոչ թե նստեն ու քիչ վճարեն», - նշեց վարորդն ու իջեցնելով բոլոր ուղևորներին` իր ասելով մեքենան քշեց դեպի կայանատեղի:
Այս խնդրի շուրջ փորձեցինք զրուցել նաև համաքաղաքացիների հետ:
«Դեռ պետք է մի բան էլ էժանացնեն, թե չէ ի վիճակի չենք վճարելու», - ասաց մեծահասակ տղամարդը` ավելացնելով, որ շատ ճիշտ են անում երիտասարդները, որ պայքարում են:
«Ես էլ այսօր ուժ ստացա երիտասարդներից և վճարեցի 100 դրամ, բայց ցավալի է, որ կան 150 դրամ վճարողներ այն դեպքում, երբ դեռ այս որոշումը օրինական և հաստատված չէ»,- նշեց մեծահասակ մի տիկին, իսկ մեկ այլ քաղաքցի նշեց` ով հանրապետականին ընտրել է, նա էլ թող ավել վճարի:
Ցուցարարներն ու ակտվիստները խոստանում են շարունակել պայքարը մինչև խնդրի կարգավորումը: Օրի օրի նրանց շարքերն ավելանում են, որը պետք է ստիպի քաղաքային իշխանություններին վերանայել տրանսպորտի սակագինը` խնդրին համապատասխան լուծում տալու համար:

Նյութը պատրաստեց Արմեն Մխեյանը:

2013-07-23

Բացառիկ տեսանյութ. ինչպես են «առևանգում» Արեգ Գևորգյանին և հրահրում քաշքշուկ



   Արդեն մի քանի օր է, ինչ անցկացվում են բողոքի լայնամասշտաբ ակցիաներ Երևանի տարբեր փողոցներում և համայնքներում:  Սակայն այսօր քաղաքացիական ակտիվիստների, բողոքողների և ցուցարարների թիվը միանշանակ շատ ավելին էր: Ամեն քայլափոխին մեզ էին միանում հասարակ քաղաքացիներ և իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում ուղեվարձի գնի բարձրացման դեմ: Միանալով դաշնակցական մի խումբ ցուցարարների` ես էլ քայլեցի նրանց հետ Մաշտոցի պողոտայով, կատարելով հանրային իրազեկում, որ ուղևորները պետք է վճարեն ոչ ավել 100 դրամից, ապա միացանք քաղաքապետարանի դիմաց բողոքի ցույց անող  մի քանի հարյուրի հասնող ցուցարարներին: Պարզվեց, որ ոստիկանությունն արդեն իսկ հասցրել է բերման ենթարկել չորս անձանց:
   Ցուցարարները շարժվեցին դեպի ոստիկանություն` պահանջելով ազատ արձակել բաժին բերման ենթարկվածներին: Հասնելով ոստիկանության բաժին` հանդիպեցինք մի քանի շարքով կանգնած ոստիկանների: Մինչ ցուցարարներին կոչ էր արվում չենթարկվել սադրանքների և հեռու մնալ ոստիկանների հետ վիճաբանությունից, կատարվեց անսպասելին: Հանկարծ ակտիվիստ Արեգ Գևորգյանին, ով կանգնած էր ցուցարարների դիմաց, ոստիկանների կողքին,  մի քանի ոստիկաններ, թիկունքից մոտենալով առանց որևէ բացատրության, հրելով հեռացրին ամբոխից ու տարան ոստիկանության բաժին: Իմ տեսախցիկը ֆիքսել է հենց այդ պահը: Դիտեք  1:50 րոպեից:
   Թե ինչու ոստիկանությունը նման քայլի դիմեց, թողնում եմ, որ դուք պատասխանեք, սակայն մի բան ակնհայտ էր.  ակտիվիստներին նման կերպ բերման ենթարկելը հարիր չէ ոստիկաններին և պետք է ավելացնեմ. այս դեպքում ոստիկանությունը կրկին ցույց տվեց, որ պատրաստ է գնալ ցանկացած քայլի, որպեսզի ճնշում գործադրի քաղաքացիական ակտիվ հասարակության վրա: Ակտիվիստի նման կերպ բերման ենթարկելը, բնականաբար զայրացրեց ցուցարարներին և սկսվեց քաշքշուկ... Մանրամասները տեսանյութում:
  Ի դեպ. առաջացած քաշքշուկի պատճառով այնպիսի հարված ստացա դեմքիս, որ ակնոցի երկաթը վնասեց քիթս...


2013-07-17

Այսօր մնայուն երաժշտություն չի ստեղծվում: Երաժշտագետ

 
Հայ երիտասարդ կոմպոզիտորներն այդքան էլ լուրջ չեն մոտենում իրենց մասնագիտությանը: Զրույցի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց երաժիշտ Ալինա Խլղաթյանը:

   Զրուցակիցը նշեց, որ երիտասարդ երաժիշտներ կան, ովքեր ստեղծում են գործեր, սակայն ցավոք սրտի ոչ այնպես, ինչպես Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը և այլ հանրահայտ կոմպոզիտորներ, որոնց ստեղծագործությունները դարձել են մնայուն արժեքներ:

   Պատասխանելով, այն հարցին, թե ինչն է հիմնական խնդիր համարում և ինչ լուծում կա իր կողմից առաջ քաշված խնդրին՝ զրուցակիցը նշեց, որ յուրաքանչյուր կոմպոզիտոր պետք է ստեղծագործի այն, ինչ պետք է համարում, ինչը կարող է ընդունվել հասարակության կողմից, սակայն հենց այստեղ պետք է ցույց տա իր պրոֆեսիոնալիզմը և իր ստեղծագործությունների միջոցով բարձրացնի հասարակության գնահատականը` չցածրացնելով ստեղծագործության արժեքը:

   Զրուցակիցը վերջում հավելեց, որ այս ամենը ժամանակի խնդիր է համարում:

   -Հասարակության կողմից ժամանակի ընթացում փոփոխությունները դժվար են ընկալվում, չեն գնահատում այն ինչ կա այսօր: Կանցնի որոշ ժամանակ, և այսօր գրված ստեղծագործություններն էլ ավելի մեծ արժեք կունենան, քան այսօր,-իր խոսքը եզրափակեց Ալինա Խլղաթյանը:

Արմեն Մխեյան                                                                     OstArmnenia.com

2013-07-13

Հոգիս երբեմն աչք ունենալու փոխարեն լեզու էլ կգտնի: Ա. Հայրապետյան


«Ես, իմ մարդկային էության ու արժանապատվության առաջ գլուխ խոնարհելով, առիթ եմ համարում խոսել մի բանի մասին, որտեղ մարդկային անսովոր բնավորությունը կարող է քեզ չընկալել»: Այսպես է սկսվում Արթուր Հայրապետյանի «Սպասում» պատմվածքը և համանուն պատմվածքների ժողովածուն, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր, «The Club» ակումբում:

Մթնոլորտն իսկապես հագեցած էր գրականության շնչով: Ներկա էին անվանի գրողներ, գրականագետներ, դերասաններ և մարդիկ, ովքեր գնահատում ու սիրով են ընթերցում Արթուր Հայրապետյանի ստեղծագործությունները: «Սպասում»-ը հեղինակի թվով երկրորդ պատմվածքների ժողովածուն է, որում զետեղված են երեսունից ավել պատմվածքներ: Հեղինակը նշեց, որ գրքի վրա աշխատել է ավելի քան երկու տարի, սակայն ոչ բոլոր պատմվածքներն են ներառվել գրքում: Մյուս պատմվածքները տեղ կգտնեն արդեն հաջորդ գրքում:
-Գիրքը մարդու տեսակի, ինքն իրեն հետ ազնիվ լինելու, որոշ առումով նաև խենթ լինելու մասին է: Իմ գրականության հիմքում ընկած է մարդը` խենթ ու խելառ, մի փոքր տարօրինակ, բայց ինքն իր հետ ազնիվ մարդը,- զրույցում նշեց հեղինակը:
Այն հարցին, թե ովքեր են դառնում իր ստեղծագործությունների հերոսները, հեղինակը նշեց, որ հիմնականում գրում է իր անունից և գլխավոր հերոսը հենց ինքն է, սակայն իր մեջ կա ամենահասարակ, ամենափոքրիկ, ամենամեծ, ամենախենթ մարդը, ով ունի տարբեր բնավորություններ, այլ աշխարհայացքներ: Գրողը նշեց, որ աշխատում է իր ստեղծագործություններում արթնացնել մարդուն` իր բոլոր առավելություններով և թերություններով հանդերձ: Պատասխանելով այն հարցին` թե որն է հիմնական գաղափարը, որը փորձել է ընթերցողին հասցնել, հեղինակը նշեց, որ փորձել է մի փոքր ըմբոստանալ ու դուրս գալ այն կապանքներից, կաղապարներից, որոնք սահմանափակում են մարդուն և փորձել է ազատ արտահայտվել հասարակության այն ցավոտ խնդիրների մասին, որ այսօր առկա են` ներկայացնելով դրանք իր տեսանկյունից:

Նյութը պատրաստեց Արմեն Մխեյանը http://ostarmenia.com/ կայքի համար:










Լուսանկարների հեղ. Արմեն Մխեյան

2013-07-07

Լրատվությունը պետք է վեր հանի հասարակությանը հուզող խնդրի լուծումը

Յուրաքանչյուր լրագրողի պարտքն է տեսնել խնդիրն ու բարձրաձայնել խնդրի մասին: Հունիսի 23-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Արևելքի երկրների  մշակույթի կենտրոն» հ/կ-ի նախագահ, լրագրող Բագրատ Մովսիսյանը:
Կարևորելով լրագրողի զգոնությունը` բանախոսը նշեց, որ իսկական լրագրողը պետք է գրի ու բարձաձայնի արդիական խնդիրների մասին, որոնք հուզում են հասարակությանը: Անդրադառնալով հոդվածի կառուցվածքային ձևերին ու դրանց արդիականության խնդրին` զրուցակիցը կարևորեց յուրաքանչյուր հոդվածի ներածական հատվածի` «լիդ»-ի առկայությունը:
-«Լիդ»-ը, որպես հոդվածի բաղկացուցիչ մաս, պետք է պատասխանի ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ հիմնական հարցերին և միևնույն ժամանակ տա ամփոփ տեղեկույթ հոդվածի մասին` իր մեջ ներառելով նյութի կարևորագույն հիմնահարցը,- եզրափակեց բանախոսը:
Աղբյուր`http://ostarmenia.com/2013/07/07/journalism/                             Հեղ.Արմեն Մխեյան

Գրականությունը երիտասարդության կողմից չի ընկալվում որպես դաստիարակչական երևույթ

«Գրականությունը պետության կողմից պետք է ավելի մեծ ուշադրության արժանանա. թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես»,-  զրույցի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց երիտասարդ գրող, հրապարակախոս, բլոգեր Արմեն Մխեյանը, անդրադառնալով այն հարցին, թե որքանով է այսօր երիտասարդության կողմից գրականությունն ընկալվում որպես դաստիարակչական երևույթ: Ըստ բանախոսի` արդի գրականությունը միանշանակ կրում է դաստիարակչական տարրեր, սակայն, եթե նկատի ունենանք հայ երիտասարդությանը, ապա ցավով պետք է փաստենք, որ կանգնած ենք լուրջ խնդիրների առաջ այս ոլորտում:
«Այսօր ավելի շատ դաստիարակչական են ընկալվում համացանցն ու հեռուստատեսությունը, իսկ գրականությունը, ես կարծում, եմ միանշանակ չի ընկալվում որպես դաստիարաչական երևույթ» – նշեց բանախոսը:
Մանրամասնելով խնդիրները՝ Արմեն Մխեյանը նշեց նախևառաջ ընթերցողների քիչ լինելը, այնուհետև տպագրման, գրքերի ձեռք բերման թանկ լինելը և վերջում բանախոսը ամենահիմնական խնդիրը համարեց այն, որ Հայաստանում քիչ են այն ստեղծագործողները, որոնց աշխատությունները կարող են դաստիարակչական նշանակություն ունենալ:
Բանախոսի կարծիքով այս ամենի լուծման տարբերակը պետության կողմից գրականությանն ավելի մեծ ուշադրություն դարձնելն է, կարևորելով ոչ միայն ֆինանսական, այլև բարոյահոգեբանական օժանդակությունը, որից հետո մյուս խնդիրներն ինքնաբերաբերաբար կլուծվեն:

2013-07-05

Հայ գրականությունը համաշխարհային գրականությունում առկա չէ

Գրականությունը պետության կողմից չի ֆինանսավորվում, կամ շատ քիչ է ֆինանասավորվում: Սա հիմնական խնդիրներից մեկն է, որի արդյունքում հայ արդի գրականությունը համաշխարհային գրականությունում առկա չէ: Այսպիսի կարծիք հայտնեց  «Luxury» ամսագրի վրացական համարի պատասխանատու-խմբագիր Ալեքս Միրզոյանը:
Խոսելով ամսագրերի մասին՝ բանախոսը նշեց, որ Հայաստանում այսօր դրանք շատ են ու հասանելի տարբեր հետաքրքություններ ունեցող  մարդկանց: Առանձնացնելով «Luxury» ամսագիրը՝ ավելացրեց,  որ իրենք փորձում են համատեղել և՛ բարձրաշխարհիկ կյանքը, և՛ արվեստը մեկ ամսագրում:
Պատասխանելով հայ արդի գրականության վերաբերյալ հարցին՝ Ալեքս Միրզոյանը ասաց, որ չի ճանաչում և ոչ մի հայ ժամանակակից գրողի, ում հաջողվել է միջազգային ասպարեզ դուրս գալ: Թերևս, հիմնական խնդիրը բանախոսի կարծիքով հանդիսանում է մտածելակերպը: Հայ գրողների և համաշխարհային այլ գրողների ստեղծագործությունները ոճային առումով նման չեն: Մյուս կարևոր խնդիրն այն է, որ գրականությունը պետության կողմից չի ֆինանսավորվում, կամ շատ քիչ է ֆինանսավորվում:  Գրականությունն անմիջապես հասարակական մտածելակերպի արտացոլանք է: Տասնամյակներ շարունակ հայ գրականությունը չի զարգացել, կարելի է ասել դոփել է նույն տեղում: Հիմնական պատճառներից են նաև՝ պատերազմը, սոցիալական վատ վիճակը և հասարակությունում ընթերցողների սակավությունը: Մյուս կարևոր հանգամանքը, բանախոսի կարծիքով, գրականության ասպարեզում արվեստը չգնահատելը և մենեջմենթի խնդիրն է: Բանախոսը նշեց, որ այսօր մենեջմենթը հայ գրականությունում զրոյի վրա է:
Այն հարցին, թե գրո՞ղը պետք է թելադրի գրականությունը, թե՞ ելնելով հասարակական պահանջներից ստեղծագործի այն, ինչ պահանջում է հասարակությունը, բանախոսը նշեց, որ երբ գրողը ստեղծագործում է պարտադրաբար, ապա այն դառնում է հեռուստատեսային սերիալների սցենար միայն: Գրողը պետք է ստեղծի և իր ստեղծագործությունում արտահայտի իր հուզմունքն ու զգացողությունները, այլ ոչ թե ստեղծագործի՝  պատվեր իրականացնելով կամ պարտադրանքով:

Նյութը` http://ostarmenia.com/
Արմեն Մխեյան

2013-07-02

Անհավատալի է թվում, որ մահից հետո ոչինչ չկա




    Ֆիզիկական աշխարհի ավարտից հետո կյանքը չի ավարտվում, այլ մարդն իր մեջ կրող էներգիան ձևափոխում է մեկ այլ էներգիայի,- այսօր հարցազրույցի ժամանակ իր տեսակետը հայտնեց երիտասարդ գրող, հրապարակախոս Արմեն Մխեյանը:

Ցավալի է  մտածել ու միևնույն ժամանակ անհավատալի է թվում, որ մահից հետո ոչինչ չկա և քանի որ յուրաքանչյուր մարդ և կենդանի արարած նախևառաջ իր մեջ հսկայական էներգիա է կրում, ապա բանախոսի կարծիքով մահից հետո մարդու էներգիան, որը հենց հոգին է, էներգիայի պահպանման օրենքից ելնելով  չի կարող անհետանալ, այլ կարող է ձևափոխվել…
Բանախոսը նշեց, որ էներգիան նաև ինֆորմացիայի կրող է, և այստեղ` այս աշխարհում որքան շատ ես կարողանում ստանալ տեղեկատվություն, գիտելիք, ապա էներգիայի ձևափոխությունից հետո մեծանում է հնարավորությունը էլ ավելին տանելու այս նյութական աշխարհից, քան կարող ես մտածել:
Անդրադառնալով իր ստեղծագործական գործունեությանը` Արմեն Մխեյանը նշեց, որ փորձում է իր պատմվածքներում ներդնել նաև փիլիսոփայական գաղափարներ` իր արձակ ստեղագործություններից առանձնացնելով «Վերջին բաբախյունը» պատմվածքը:
Մանրամասնելով պատմվածքի սյուժեն` հեղինակը նշեց, որ այն գրվել է իր համար բավականին ծանր հոգեբանական պայմաններում և գուցե այդ է եղել պատճառը, որ պատվածքը շատ հուզիչ է, գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ ցավոտ, քանի որ ընթերցողներից շատերը չեն կարողանում զսպել իրենց արցունքերը: Ամեն դեպքում ցանկացած ստեղծագործություն, որքան էլ այն տխուր լինի, ինքը փորձում է ավարտել դրականի, գեղեցիկի և բարու հաղթանակով: Ինչը փորձել է անել նաև «Վերջին բաբախյունը» պատմվածքի դեպքում:


Նյութը պատրաստեց Լիլիթ Սուսանյանը

2013-07-01

Արևմուտքը պետք է սովորի հանդուրժողականություն Արևելքից


  Հայաստանը պետք է ճիշտ ընկալի Արևելքը և Արևելքի տարրերը, մասնավորապես ներդաշնակությունն ու հանդուրժաղականությունը: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Բագրատ Մովսիսյանը:

  Բանախոսը նշեց, որ իրենց կազմակերպության հիմնական ռեսուրսը էնտուզիազմն է: Կազմակերպությունը համագործակցում է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ, իսկ ֆինանսական առումով խնդիրը լուծվում է անդամավճարների տեսքով: Իրենց կազմակերպությունը առևտրային չէ, չի հովանավորվում, ինչը զերծ է պահում ճնշումներից և կողմանկի ազդեցություններից:

  Պատասխանելով այն հարցին, թե որն է եղել այս չորս տարիների ընթացքում Արևելյան մշակույթի հիմնական խորհուրդը, Բագրատ Մովսիսյանը նշեց, որ Արևելքի մասին Հայստանում քիչ գիտեն: Արևելքը հանդուրժողականության և ներդաշնակության կրողն է, որոնք բացակայում են Արևմուտքում: Թեպետ Արևելքը հաճախ է գտնվել պատերազմական գործողությունների թատերաբեմում, սակայն բոլոր այդ պատերազմները արտաքին գործոնների պատճառով են եղել: Մեր նպատակն է ճիշտ ներկայացնել հանդուրժողականությունն ու ներդաշնակությունը, բայց դա չի նշանակում ընդունել և հանդուրժող լինել թշնամու հանդեպ: Արևելքում գործում է նաև պաշտպանության նպատակով ուժի կիրառման կանոնը:

  Մասնավորեցնելով հանդուրժողականության վերաբերյալ հարցը` բանախոսը նշեց, որ պետք է ճիշտ ներկայացնել, թե ինչ է այն, հակառակ դեպքում հանդուրժողականությունից կարող է ծնվել անհանդուրժողականություն: Արևելքի հանդուրժողականությունը էականորեն տարբերվում է միայն նրանով, որ այնտեղ հանդուրժողականությունից անհանդուրժողականույթուն չի ծնվում:

Արմեն Մխեյան                                                                              OstArmenia.com