2013-09-20

Լուսանկարներ























2013-09-17

Անտառային գոտու մակերեսի կրճատումը շարունակվում է


  Աղբյուրը` OstArmenia.com

Հայաստանի անտառային գոտու մակերեսը  2011թ-ին նախորդ տարվա համեմատ  կրճատվել է մոտ 26 հեկտարով, իսկ անտառների մակերեսը` 9 հեկտարով, և այս ամենը այն դեպքում, երբ նվազել են հրդեհից տուժած գոտիներն ու անտառների հատման ծավալները:
  Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2012թ-ի հրապարակած տեղեկագրի` անտառային մակերեսի նման մեծ մասշտաբի կրճատում չի դիտվել վերջին հինգ տարիների ընթացքում: Հայաստանում անտառային  հողերը 2010թ-ին կազմել են 369.1 հա, իսկ արդեն հաջորդ 2011թ-ին` 343.1 հա:  Բուն անտառածածք գոտին կրճատվել է 305.5 հեկտարից հասնելով 296.5 հեկտարի:
  Անհասկանալի է, թե ինչ գործոնների հետևանքով է Հայաստանը կորցնում իր անտառածածկ գոտիները, քանի որ ըստ նույն տեղեկագրի նվազել են անտառային հրդեհներից վնասված անտառածածկ հողերի մակերեսը, հատման ծավալներն ու մեծացել է անօրինական հատման դեպքերի կանխումը: Սակայն առավել ուշադիր ուսումնասիրելով բերված ցուցանիշները, կարելի տեսնել, որ մեծ թիվ է կազմում անտառային գուտու վարակված մակերեսը:
  2010-2011թթ վարակված մակերեսը մեծացել է 5.7 հեկտարով, հասնելով 13.8 հեկտարի, որից միայն 9.2 հեկտարն է վարակված անտառային հիվանդություններով որից ենթակա է բուժման ընդամենը 8.2 հեկտար անտառային գոտին:
  Այս թվերից պարզ է դառնում, որ անտառային մակերեսի արտադրական և հանքարդյունաբերական թափոնների միջոցով վնասումն ու աղտոտումը կազմել է 4.6 հեկտար, որն արդեն ենթական չէ վարակազերծման և բուժման: Համաձայն նույն տեղեկագրի` անտառավերականգնման մակերեսը ևս կտրուկ նվազել է`190 հեկտարից հասնելով 52:
  Առանց այդ էլ ունենալով սուղ անտառային գոտիներ, Հայաստանում շարունակում են անխնա կերպով ոչնչացնել ոչ միայն ընդերքը, այլև վնասել անտառներն ու կանաչ գոտին` չվերականգնելով անտառային գոտու մակերեսը:
Արմեն Մխեյան

2013-09-08

Վտանգված է սիրիահայ համայնքի գոյությունը


Սիրիահայ Հակոբ Բժյանը բնակություն է հաստատել Երևանում և այլևս չի պատրաստվում մեկնել իր ծննդավայր Հալեպ, քանի որ քաղաքացիական պատերազմը վտանգում է Սիրիայում գտնվող յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, իսկ այստեղ ինքն, իր երեք եղբայրներն ու մայրն ապահով են:

Երեսուներեքամյա Հակոբը ընտանիքի անդամների հետ Հալեպում զբաղվել է կահույքագործությամբ` աշխատելով սեփական արհեստանոցում, սակայն պատերազմի հետևանքով ավելի քան երկու հարյուր հազար դոլարի վնաս է կրել` այնտեղ թողնելով ողջ անշարժ և շարժական գույքը: Նրա պնդմամբ այս պահին Սիրիայում չի գործում ոչ հեռախոսակապ, ոչ համացանց և անգամ սնունդ հնարավոր չէ հայթայթել, քանի որ բոլոր ճանապարհները փակ են: Հակոբի կարծիքով հայ համայնքի մոտ կեսից ավելին հեռացել է Սիրիայից` դրանով իսկ վտանգելով հայ համայնքի դարավոր գոյությունը: Հակոբը նշեց, որ վերջերս կարճ ժամանակով այցելել է Սիրիա և ականատես լինելով վերջին իրադարձություններին, վստահ է, որ արտաքին հարձակումն ու  նախագահ Ասադի հեռացումը խնդրի լուծում չի կարող լինել, և իրադարձությունների նման զարգացման դեպքում ազգային փոքրամասնությունների միջև պայքարի հետևանքով առաջացած ճգնաժամը էլ ավելի կխորանա:
Տեղափոխվելով Հայաստան` ընտանիքը ստիպված էր հաղթահարել մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ: Սիրիահայ հայրենադարձը փաստեց, որ Հայաստանում աշխատանք գտնելը հեշտ է այն սիրիահայերի համար, ովքեր ունեն որևէ արհեստ, հակառակ դեպքում աշխատանք չկա, եղածն էլ սեզոնային և ցածր վարձատրվող: Սիրիայում մինչ քաղաքացիական պատերազմի սկսվելը աշխատավարձը համեմատաբար բարձր էր թվում սննդամթերքի գների ցածր լինելու պատճառով, իսկ Հայաստանում մեկ հոգու աշխատավարձով չես կարող ընտանիք պահել:
«Ամիսը չորս հարյուր դոլարով չի կարելի ընտանիք պահել: Երեք հարյուր դոլարը վարձ տալիս ես՝ մնում է հարյուր դոլար: Մենք չորս եղբայր կաշխատենք, որ կարողանանք ընտանիք պահել» - նշում է Հակոբը և կարևորում, որ ամեն դեպքում այստեղ ապահով են, իսկ մնացած խնդիրները կլուծվեն իր աշխատասիրության ու քրտնաջան աշխատանքի արդյունքում:
Իրենց ընտանիքը մի շարք խնդիրների հաղթահարման հարցում այդքան էլ դժվարությունների չի հանդիպել, քանի որ օգնության են հասել իրենց բարեկամները, սակայն նույնը չի կարող ասել այլ սիրիահայ ընտանիքների մասին, որոնք գալով Հայաստան, այնուհետև կրկին հեռացել են ուրիշ երկիր: Շատերն էլ Սիրիայից անմիջապես մեկնում են ԱՄՆ, Իրան, եվրոպական երկրներ, որի արդյունքում նրանց կապը թե՛ Հայաստանի, և թե՛ Սիրիայի հետ կորչում է:
 Հակոբն այս պահին ժամանակավոր աշխատանք է կատարում: Ապագայում ցանկություն ունի կահույքի արհեստանոց բացել և անցնել այն աշխատանքին, որով զբաղվում էր Հալեպում, սակայն անհրաժեշտ գումար այս պահին չունի: Հայաստանում հիմնական խնդիր է համարում քաղաքացիության և գրանցման խնդիրները: Հայաստանում  գրանցումը բնակարանների հասցեների վրա դժվարությամբ է կատարվում, անգամ բնակարանի երկարատև վարձակալման դեպքում սեփականատերը չի ցանկանում գրանցել, որի արդյունքում մի շարք դժվարություններ են առաջանում՝ բանկային հաշիվների կառավարման, անգամ հասարակ բջջային հեռախոսի քարտ գնելու դեպքում: Կառավարության ընձեռած մի շարք արտոնությունների շրջանակում ընտանիքի անդամները ստացել են անվճար բուժօգնություն: Դպրոցական երեխաներ թեպետ իրենց ընտանիքում չկան, սակայն իր մորեղբոր երեք երեխաներն արդեն կարողացել են յուրացնել արևելահայերենն ու հարմարվել դպրոցական պայմաններին:
Հակոբն այլևս ցանկություն չունի վերադառնալ Սիրիա: Իրադրության կարգավորումից հետո կմեկնի Հալեպ՝ ունեցվածքը վաճառելու և Հայաստան վերադառնալու համար, քանի որ կարծում է` մինչ պատերազմի ավարտը կհասցնի հարմարվել Հայաստանի պայմաններին, իսկ հետո գնալով Սիրիա, ստիպված կլինի ամեն ինչ նորից սկսել:  Կրկին Հալեպում հաստատվելը անհնարին  համարելով` Հակոբը կարծում է, որ հաճախորդներ չի ունենա և հատկապես չի լինի այն խաղաղությունն ու վերաբերմունքը, որը կար հայերի նկատմամբ մինչ քաղաքացիական պատերազմի սկսվելը:

2013-09-02

ԳՄ-ը գործում է հին կարծրատիպերով

Նյութը պատրաստված է Ostarmenia.com կայքի համար:

Շատ երիտասարդ գրողների տեսակետները, ստեղծագործություններն ու հայացքները հիմնականում չեն համընկնում պետական կառույց համարվող Գրողների միության տեսակետի հետ: Արդի հայ գրականության վերաբերյալ փորձենք ներկայացնել այն խնդիրները, որոնք տեսնում են հենց գրողները:

Գրականությունը համարվում է մշակույթի ամենահիմնական տարրերից մեկը: Թեև 20-րդ դարից սկսած գրականությունը կարելի է «անվանել» նաև համամարդկային, սակայն այնուամենայնիվ յուրաքանչյուր ստեղծագործող, լինի նա հայտնի թե անհայտ, փորձ է անում ներկայացնել իր գաղափարները` ազգային, մշակութային և էթնիկ առանձնահատկություններից ելենելով: Այդ կերպ համաշխարհային գրականությունը հարստանում է յուրօրինակ ու անկրկնելի ստեղծագործություններով, որոնք դառնում են համամարդկային արժեհամակարգի բաղկացուցիչ մասը:
Ինչպիսի՞ն է հայ գրականության զարգացման ընթացքը արդեն մեր օրերում: Հարցի պատասխանը միանգամից չենք կարող տալ, սակայն փաստ է, որ մենք այս ոլորտում ունենք մի շարք թերություններ և բացթողումներ:
Ալեքս Միրզոյանի կարծիքով, ով ևս ստեղծագործում է, մեծ խնդիր է այն, որ պետության կողմից  նշանակություն չի տրվում արդի հայ գրականության զարգացմանը, կամ եթե տրվում է, ապա ոչ հարիր և հավելում.
«Արդի հայ գրականությունը համաշխարհային գրականությունում առկա չէ, որովհետեև ես անձամբ չեմ ճանաչում և ոչ մի հայ ժամանակակից գրողի, ով միջազգային ասպարեզ է դուրս եկել: Կարծում եմ այդ ամենը նաև գալիս է նրանից, որ այն ոճը, որով գրում են արտասահմանում, չի համընկնում այն ոճի հետ, որով գրում են այստեղ», - իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է Ալեքս Միրզոյանը:
Գրականության զարգացման համար թվում է թե պետք է նպաստավոր ժամանակներ լինեն: Հարյուրամյակներ շարունակ Հայաստանը չի ունեցել պետականություն, սակայն հայ գրականությունը կարողացել է զարգանալ Նարեկացու, Քուչակի, Թումանյանի  այլ հայտնի գրողների շնորհիվ, իսկ այսօր կարծես անվանի գրողների ժառանգներ չկան, կամ գուցե նրանք չեն ներկայանում:
Դատողությունները կարելի է շարունակել, սակայն բոլոր հարցերին ի պատասխան գալիս կանգնում են մի փաստի առաջ. չէ՞ որ մենք ունենք պետական կառույց, որը պետք է զբաղվի գրականության զարգացմամաբ, համաշխարհային գրականությունում հայ գրականության ներկայացմամբ և այլն: Ինչո՞վ է զբաղված այսօր գրողների միությունը: Փորձեցինք այս հարցի շուրջ զրուցել ստեղծագործողների հետ: Որքան էլ որ զարմանալի թվա, այսօր շատ են այն երիտասարդ գրողները, ովքեր կտրականապես դեմ են այս կառույցի անդամակցմանը:
Հիմնական խնդիրը, որ կարելի էր եզրակացնել այն է, որ ԳՄ-ը այսօր գործում է մի քանի հոգու համար և մի քանիսի պատվերով: Այն, որ գրողը պատշաճ ուշադրության չի արժանանում գրողների միության կողմից, հատկապես երիտասարդ գրողներ մասին է խոսքը, վկայում է միության փակ, անկարող և գրականությունից հեռու լինելու մասին:
Գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանը, ով վերջերս հրատարակել իր պատմվածքների երկրորդ ժողովածուն, կտրականապես դեմ է ԳՄ անդամակցմանը:
«Այն դարձել է ինքնանպատակ կառույց միայն մի քանիսի համար»,- մեզ հետ զրույցում նշեց երիտասարդ գրողը:
Բանաստեղծուհի Եսթեր Մխիթարյանը, նույնպես դժգոհեց և պատասխանելով այն հարցին, թե չի՞ պատրաստվում դառնալ ԳՄ անդամ, բանաստեղծուհին ցավով նշեց, որ այսօր այդ կառույցը անօրինական է գործում, անօրինական անդամներ ընդունում և ինքը կդառանա անդամ, երբ կառույցը կգլխավորի իսկական գրող մտավորականը:
Ամեն դեպքում այսօր կան ստեղծագործողներ, ովքեր կարողանում գտնել ֆինանսավորում գրքերի հրատարակման համար, սակայն գրողների միությունն այստեղ որևէ դերակատարում չի ունենում: Պարզվում է` նույնիսկ շատ երիտասարդ գրողները ինքնակամ լքել են այս կառույցը:
Ստացվում է, որ պետության բյուջեից սնվող կառույցը չի կարողանում լիիրավ գործել և օժանդակել երիտասարդ գրողներին: Եթե համեմատենք, թե տարեկան քանի գիրք է հրատարակվում գրողների միության անդամների կողմից և այդ կառույցը չանդամակցող գրողների կողմից, ապա կարծում եմ պատկերը բավական խոսուն կլինի:
Հարցի պարզաբանման համար փորձեցինք զրուցել «Անտարես» հրատարակչության խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի հետ: Ըստ խմբագրի, միայն իրենց հրատարակչությունը սկսած 2011թ.-ից տպագրել է հայ ժամանակակից արձակագիրների, բանաստեղծների, գրականագետների ու գրաքննադատների քսանմեկ գիրք, գումարած՝ երկու ժողովածու, որոնք անթոլոգիա են:
Պատասխանելով այն հարցին, թե կա՞ն հեղինակներ, ովքեր ԳՄ անդամ են և արդյոք համագործակցություն կա՞ տվյալ կառուցի հետ, պարոն Նիկողոսյանը նշեց.
«Կան հեղինակներ ովքեր ԳՄ անդամ են, սակայն ԳՄ անդամ լինելը չափանիշ չենք համարում, պարզապես այդպես ստացվել է, որ կան գրողներ, ովքեր անդամակցում են, իսկ համագործակցություն հարկ եղած դեպքում լինում է»:
Փորձեցինք տեղեկատվություն ստանալ ԳՄ պաշտոնական կայքից, սակայն պարզվեց, որ 2008թ-ից հետո կայքն ընդհանրապես չի թարմացվում, իսկ գրքերի տպագրման վերաբերյալ ամենաթարմ տեկեկույթը, մոտ տասը տարվա վաղեմություն ունի: 2002-2004թթ-ին լույս տեսած գրքերի և հեղինակների անուններից ժամանակակից ստեղծագործողների կարող ենք առանձնացնել միայն մի քանիսին:
Գրողների միության փոստարկղին ուղարկարված հարցում-նամակն մինչ օրս անպատասխան է մնացել, այդ պատճառով ստիպված ենք համեմատել միայն հին թվերի հետ: ԳՄ «Մուտք» մատենաշարի շրջանակներում 2002-2004 թթ-ին լույս է տեսել տասնութ անուն գիրք (պաշտոնական կայքից վերցված տեղեկատվություն), իսկ միայն մեկ հրատարակչություն 2011թ-ից սկսած ժամանակահատվածում արդի գրական գործիչների քսանմեկ անուն գիրք է հրատարակել: Գուցե այդ ժամանակհատվածում գրողների թիվն աճել է, սակայն անգամ այդ տեսանկյունից դիտելով պետք է նշենք, որ ՀՀ գործում են մոտ 300 հրատարակչություն և տպագրատուն, որոնցից հիսունը առավել հայտնի են և ընթերցողներին պատրաստ են ներկայացնել ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները:   
Պետական կառույցի նման անփույթ գործելաոճը, անգամ կայքի և տեղեկատվության բացակայությունը հաշվի առնելով միայն, կարելի է ասել, որ այս կառույցը շարունակում է գործել այնպես, ասես դեռ ԽՍՀՄ-ի կազմում ենք, այնինչ գրողների միությանը նոր միտք, երիտասարդական ավյուն և եռանդ է պետք, ինչը ցավոք այսօր չկա այդ կառույցում, քանի որ հին կարծրատիպերը շարունակում են թևածել այս կառույցի պատերի ներքո