2013-12-31

Շնորհավոր Ամանոր



  Ահա եկավ տարեմուտի վերջին պահը: Հերթական անգամ պետք է մեկ անգամ հետ նայես արդեն անցած տարվան, գնահատես, վերարժեվորես ստացած կյանքի փորձն ու ձեռքբերումները և շարունակես առաջ քայլել` նոր մտահղացումներով ու այն հավատով, որ անպայման դրանք կիրականան: Տարիներն անցնում են, նրանց կանգնեցնել չես կարող, բայց հենց այդ անցնող ժամանակից ստացած գիտելիքն ու փորձը կարող ես այնուհետ կիրառել:
  Ուզում եմ սրտանց շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր այս տարի իմ կողքին են եղել, նրանց ովքեր կիսել են ինձ հետ ժամանակը: Շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներն` ցանկանալով, որ հաջորդ տարի ամենաանհավանական ու ամենահրաշալի իղձերն իրականանան: Շնորհակալություն իմ բլոգի ընթերցողներին, բոլոր նրանց ում չեմ ճանաչում, սակայն միշտ զգում եմ նրանց աջակցությունը: Բոլոր-բոլորին, լավ եղեք և թող մի քանի ժամից մեր դուռը թակող Ամանորը ձեզ բոլորին բերի խինդ ու ծիծաղ, քանի որ այս երկուսը երջանիկ լինելու կարևորագույն նախապայմաններն են: Կհանդիպենք հաջորդ տարում: Ձեզ համար` լավագույն մաղթանքներով...
Արմեն Մխեյան

2013-12-29

Ներիր, էլ իմը չես...

Ներիր, որ արդեն իմը չես,
Որ, կորցրեցի քեզ...
Ներիր, որ դեռ երկար կպահեմ
Պատկերդ իմ սրտում,
Իմ հիշողության մեջ...
Ինչքա՜ն հույզեր,
Սրտի թրթիռ կա իմ հոգում,
Սակայն միայն անցյալի...
Հուշերը կմնան ինձ հետ
Որպես հոգուդ մասնիկ,
Անգին հույզեր, ակնթարթներ:
Դու հեռացար, բայց քեզնից հետո
Թողեցիր մի անցյալ,
Որ անթիվ հույզեր ունի...
Անցյալիս ամեն ակնթարթը
Հիմա հոգի ունի քո շնորհիվ
Անգին հույզեր...
Սրտի ցավով եթե անգամ
Ասեմ մնաս բարով,
Իմացի՛ր կա մեկ մասնիկ
Քեզնից հետո, կան հույզեր,
Հույզեր, որ հոգի ունեն...

2013-12-16

Գրանկարներ-աֆորիզմներ


















2013-12-15

Հույզեր, որ հոգի ունեն



 Գալիս է մի պահ, երբ հայացք ես ձգում հետ, արժեվորում, գնահատում ու հաճախ նաև վերապրում ես այն ամենը, ինչն արդեն երբեք ետ չես բերի, բայց հիշողության մի անկյունում կշարունակես փայփայել այն ակնթարթները, որոնք միշտ կմնան հիշողության մեջ և ամեն անգամ դրանք վերհիշելիս կզգաս նույն սրտի թրթիռը: Թվում է` անցյալը չի եղել  և մեծ իմաստով այդպես է: Այս ակնթարթը  եթե դառնա անցյալ, ուրեմն այն արդեն չկա, կա միայն նրա «հոգին»` ակնթարթից մնացած հիշողությունը: Անցյալը սկսվում է կառուցվել այդ ակնթարթներից և որքան ակնթարթը վառ է ու գունեղ, այնքան հիշողությունը վերապրելիս զգացողությունն ավելի ուժեղ է լինում: 
 Թանկ հիշողությունները բնականաբար կապված են առավել հարազատ մարդկանց հետ ու էլ ավելի թանկ են դառնում, երբ նրանք այլևս մեզ հետ չեն լինում:  Սակայն ամեն մի ակնթարթը գուցե չդառանա հիշողություն, առավել ևս թանկ, եթե  մենք այդ չենք ցանկանում: Հաճախ ոչ թե չենք ցանկանում, այլ չենք գիտակցում, որ ակնթարթը կավարտվի,  պահն անվերադարձ հեռու կգնա ու անցյալ դառնալով, իր հետ գուցե տանի նաև ակնթարթի «հոգին»`  ոչ մի հուշ չթողնելով: Այդպես լինում է, երբ մենք կորցնում են ժամանակի արժեքն ու մոռանում, որ պետք է ապրել այս մեկ ակնթարթով, քանի որ անսահման ժամանակի մեջ միայն այս ակնթարթն է, որ կա քո ձեռքում, այն ակնթարթը, որ կդառանա անցյալ, բայց կծնի ապագա:
 Գնահատել անցյալի հուշերը չի նշանակում ապրել անցյալով: Մարդու ամենամեծ կարողությունը անցյալից փորձ կուտակելն է, անցյալի զգացողություններն ու հույզերը հիշողության վերածելն ու այս ակնթարթի միջոցով ապագան կերտելն է:
 Տարին մոտենում է ավարտին, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր կամա թե ակամա դարձել են իմ լավ հիշողությունների մի մասը: Ես շնորհակալ եմ ձեզ, որ  դուք կաք ու իմ կողքին եք: Առանց ձեզ որքա՜ն հույզեր «անհոգի» կմնային...
 Արմեն Մխեյան

2013-12-14

Հայաստանում առաջին անգամ հաշմանդամ ճանաչված անձանց թվի նվազում է դիտվում

Հայաստանում այսօր հաշվառված է ավելի քան 186 հազար հաշմանդամ: Վերջին տարիներին առաջին անգամ հաշմանդամ ճանաչված անձանց թվի կրճատում է դիտվում, սակայն բնակչության ընդհանուր հաշվով հաշմանդամություն ունեցող անձանց թիվը շարունակում է աճել:

ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյալների համաձայն` սկսած 2009թ-ից դիտվում է առաջին անգամ հաշմանդամ ճանաչված անձանց թվի նվազում: 2011 թվականին` վերջին պաշտոնական հաշվետու տարում, առաջին անգամ հաշմանդամություն ստացած անձանց թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 688-ով` կազմելով 15363 մարդ: Առաջին կարգի հաշմանդամություն է ստացել նրանցից 5.6%-ը, իսկ երկրորդ և երրորդ կարգ համապատասխանաբար 37.6 և 50.6 տոկոսը:

Ըստ հիվանդությունների` առաջին տեղում է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հաշմանդամություն ստացած մարդկանց թիվը` 5696 մարդ, չարորակ գոյացություններինը` երկրորդ (2559 մարդ), իսկ նյարդային համակարգի և զգայական օրգանների հիվանդություններինը` երրորդ`1530 մարդ: Ոսկրամկանային և շարակցական հյուսվածքների հիվանդություններից հաշմանդամություն ստացած անձանց ցուցանիշր չորրորդն է` 834 մարդ:

Աշխատունակ տարիքի անձանց թիվը կազմում է 74.6%, որը նախորդ հաշվետու տարվա համեմատ նվազել է 1.3 %-ով:

ՀՀ ԱՎԾ հրապարակած տարեգրքում նշված չէ հաշմանդամություն ունեցող անձանց թիվն ըստ տարիքի, սակայն Հայաստանում մեծ է նաև հաշմանդամ երեխաների թիվը: Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նախորդ տարի հոկտեմբերին հրապարակած տվյալի` հաշվառված հաշմանդամ երեխաները մոտ 8 հազարն են, որը կազմում է ներկայիս հաշմանդամություն ունեցող անձանց 4.3%-ը:

Արթնացրու ինձ կրկին


Կմարի լույսը ու գիշեր կգա,
Ամենը կպատվի անլույս խավարով,
Եվ այդժամ հոգիս դեպ վեր կսլանա,
Ու Արևի լույսը գողացած
Լուսնի արծաթ շողերի տակ
Հոգուս ստվերը լուռ կթափառի:
Ո՞ւր են կորել գույները բազում.
Պատվել են խավարի շղարշով
Ու երազներս անգույն են այնքա՜ն
Սակայն, եթե հանկարծ,
Հանդիպեմ ստվերիդ անտես,
Կիսամութ երազս գույներ կստանա:
Իսկույն կվառվեն անթիվ աստղիկներ,
Հոգուս ստվերը մարմին կառնի
Ու կճախրի արևներ վառելու...
Երազն ավել գունեղ կդառնա,
Քան իրականությունն այս:
Հոգիս քո հոգու հետ կսլանա,
Գուցե էլ հետ չգա ու մնա.
Երազում իմ ու քո...
Այդժամ այգաբացը չի գա էլ,
Չի բացվի լույսը կրկին...
Միայն հանուն մեր սիրո,
Արթնացրու ինձ ամեն անգամ,
Երբ կրկին բացվի լույսը,
Որ հավատամ` կողքիս ես
Ու երազը իրական դառնա նորից...