2013-03-21

Աշնան գույներն իմ հոգում




Աշունն է ոսկի
Գույներով պատել իմ հոգին.
Այնտեղ ինչ-որ թախիծ կա, և...
Անպատասխան առաջին սիրո
Հուշեր կան անգին...
Սրտումս Արևի վերջին
Ջերմ շողեր կան, ու...
Հույսի մի մասնիկ է
Ծվարել այնտեղ.
Գուցե Արևի վերջին շողերի հետ
Հույսն էլ հեռանա՝
Վերջին լույսն իմ...
Հիմա աշուն է` գույներով լեցուն,
Եվ խորհրդավոր հառաչ կա
Իմ հոգում այսօր,
Դեղնած տերևների խշշյուն, ու...
Ու ես ակամա լացել եմ ուզում,
Քո անձրևի հետ, Աշո՜ւն ի՛մ ոսկի,
Օ՜ այդ դո՞ւ ես լալիս...
Լա՛, աշուն իմ, ու գուցե...
Գուցե այդժամ թեպետ և գունեղ,
Բայց մեռած տերևդ
Նորից շունչ առնի...
Լա՛ իմ ընկեր, հոգիդ ազատիր,
Արցունքդ վանիր, որ...
Որ Արևը նորից շող հյուսի
Բնության գրկում:
Տե՜ս, ես էլ եմ լալիս,
Այդպես ազատում հոգիս
Թախիծից քո ոսկի,
Որ արևը նորից հոգուս հյուր գա,
Հույսը մնա, չհեռանա,
Եվ նոր շնչով գարունը հյուր գա՝
Քեզ պես գունեղ, բայց կյանքի շնչով:
Տես իմ ընկեր, Աշո՛ւն իմ բարի,
Այժմ իմ հոգում գույներ կան բազում,
Բայց ոչ միայն քո ոսկին,
Այլև գարնան ծաղկունքի՝ երփներանգ....


Комментариев нет: