2012-10-21

Կաթ, կաթ, կաթ

Կաթիլներ հատ-հատ
Ապակուց կախված
Անձայն պոկվում են
Ու ընկնում վար.
Կաթ, կաթ, կաթ...

Քեզ եմ հիշում՝
Աշնան պես խոնարհ
Ու մեր սիրո
Վայրկյաններն այն՝
Հատ, հատ, հատ...

Ու հիմա միայն
Իմ հոգուց արցունքի
Կաթիլներն են
Վար թափվում՝
Կաթ, կաթ, կաթ...

Նայում եմ անցած
Կյանքիս ճանապարհին.
Դեղին կա այնտեղ
Ու հետքեր սիրո՝
Թաց, թաց, թաց...

Մեկ տարի էլ
Կանցնի կգնա
Այս աշնան անձրևի
Կաթիլի նման՝
Կաթ,կաթ, կաթ...

Կնայեմ թաց փողոցին
Գուցե երևաս,
Ավա՜ղ, այնտեղ միայն
Աշնան անձրև կա ՝
Կաթ, կաթ, կաթ...

2012-10-20

Աշուն է ոսկի



Աշունը եկել հավքի փետուրի պես
Անձայն ու քնքուշ սրտիս է նստել,
Ոսկի տերևով ճամփաս է պատել
Ու հիմա միայն դեղինն է ի տես
Իմ կանաչ աչքերին հասու դարձել:
Լսում եմ` այնտեղ՝ ինչ-որ տեղ հեռվում,
Քամին է վայրագ սառը հողմի հետ
Դեղնած տերևները ցիրուցան անում,
Արևի շողը զատում ջերմությունից,
Ու ջերմությունը՝ շողից գողացած
Իր հետ դեպի հյուսիս տանում:
Չարախինդ ժպիտը դեմքից անպակաս՝
Սպառնում է աշխարհին, մարդկանց,
Բարկանում հաճախ, ու պոկում արդեն
Տերևները դեղին` ծառերից կառչած:
Սլանում հեռու և նոր ուժով կրկին
Ոռնոցով լցնում դաշտերը դատարկ,
Բախվում լեռներին, ցավից սսկվում,
Հեռանում, բայց նորից ու նորից
Գալիս է զարկվում, փոշին ամպ սարքում,
Զայրանում,  ու տեսնելով, որ անզոր է,
Լալիս է ու անձրև է մաղում,
Մրսած դաշտերին, սառը քարերին
Ամպից պոկված կաթիլով պատում՝
«Աշուն է աշուն» քթի տակ երգում:
Իսկ Աշունը՝ ոսկով պատված,
Գահն է զարդարում տերևով դեղնած,
Հիանում իր ոսկի հանդերձով երկար,
Որ պատել է լե՜ռ ու անտառ:
Հորիզոնից անծայր ոսկի է հիմա,
Ու ոսկին այդ սահմանն է իր արքայության:
Լսվում է հանկարծ մեղեդին աշնան,
Այնպես քնքուշ է այն ու հուզիչ այնքան,
Որ քուն է բերում ծառերին հոգնած,
Ու լցնում սրտերը մեր ինչ-որ թախիծով.
Այդպես ստիպում հիանալ միայն իրենով.
«Աշուն է աշուն՝ ոսկով պատված,
Կաթիլն անձրևի ապակուց կախված»,
Լսվում է հեռվից Աշնան մեղեդին:
Թախծոտ է այն, և հուզմունք կա անչափ.
Շուրջս Աշունն է՝ ոսկով պատված...

Արմեն Մխեյան